Найти тему
Armenia Today

Ստեփանակերտի բնակչությունն ավելացել է, ջրի պաշարները՝ նվազել․ ջուրը չի բավականացնում

Ստեփանակերտում երաշտի պատճառով ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը «Ջրմուղ կոյուղի»-ի հետ համատեղ ստեղծել է աշխատանքային խումբ և 5 մեքենաներով թաղամասերում շուրջօրյա ջուր են հասցնում բնակիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը նշել է, որ վերջին 40 օրը Ստեփանակերտում անձրևներ չեն տեղացել, իսկ օդի ջերմաստիճանը 30 աստիճանից չի իջել: «Ստեփանակերտ քաղաքում 10-15 հազար տեղահանված բնակիչ է ապրում: Այսինքն` եթե մինչև պատերազմը Ստեփանակերտում ապրում էր 60-61 հազար բնակիչ, այս պահին ապրում է 75 հազար մարդ: Բնականաբար, ջրի ծախսը ավելացել է, ու քաղաքը սնուցող ջրերն էլ պակասել են: Դրանից առաջացել է այս քաոսային վիճակը: Այս պահի դրությամբ քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Աշխատում ենք մնացած 70 տոկոսը պահենք, որ դա էլ չնվազի: Քաղաքում 5 մեքենաներով շուրջօրյա ջուր ենք բաժանում բնակիչներին այն թաղամասերում, որտեղ ջուր չկա: Արդեն շահագործել ենք Խորհրդային միությունից մնացած երկու արտեզյան հորերը: Շարունակում ենք գտնել ու շահագործել մնացածը»,- ասել է Պողոսյանը: Պողոսյանը խոսքով` իրավիճակը աննախադեպ է,  օգոստոսի 7-ից մինչև այժմ ջրի խնդրի առաջ են կանգնած: «Սպասում ենք տեղումներ լինեն»,- հավելել է Պողոսյանը: Հարցին` արդյոք ճիշտ են այն վարկածները, որ Ադրբեջանը կարող է մասնակից լինել ջրի խնդրի առաջացմանը, Պողոսյանը բացասական է պատասխանել։ Ստեփանակերտի բնակչությունը ջուր է ստանում Մեղրագետ, Հրագետ և Վարարակ գետերից: Գետերից երկուսում ջուրը նվազել է գրեթե կրկնակի, իսկ երրորդը ընդհանրապես ցամաքել է: Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում էր կայացրել դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում