Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավար Հակոբ Զեյնալյանն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե ադրբեջանական ԶՈւ-ն կրակում է Արմաշի ուղղությամբ։
Նա, սակայն, այլ տեղեկություններ չփոխանցեց։
Իսկ Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը հերքեց լուրերը, թե հակառակորդը կրակում է նաև իրենց համայնքի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ, ըստ ՊՆ-ի` հուլիսի 26-ին` ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։
Գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել նաև հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հավելենք, որ հուլիսի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:
Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ ևս հակառակորդը կրակել էլ հայ-ադրբեջանական հատվածի Երասխի սահմանում։ Փոխհրաձագության հետևանքով հայկական կողմից զինվոր է զոհվել, վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավարը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ադրբեջանական #ԶՈՒ #Արարատի Մարզ #Արմաշ #Երասխ #ՊՆ #Սուրենավան