Կոնգրեսական Ֆրենկ Փալլոնեն կոչ է արել ԱՄՆ վարչակազմին դադարեցնել Ադրբեջանին զենքի և օգնության մատակարարումը: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ-ում այդքան հրատապ խնդիրների ֆոնին Կոնգրեսն ամերիկյան հարկատուների փողերը ուղարկում է նավթով հարուստ հակահայկական վարչակարգին՝ սուբսիդավորելու ադրբեջանցի բռնապետ Իլհամ Ալիևին։ Էթնիկ զտումներից հետո, որն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում տարածքի մի մասի օկուպացման ընթացքում իրականացվեց, ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ալիևյան ռեժիմի ֆինանսավորումը», – գրել է կոնգրեսականը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 120 մլն դոլար է հատկացրել Բաքվի բռնապետական ռեժիմին, որն անցյալ տարվա սեպտեմբերին ագրեսիա է սկսել Արցախի դեմ, իսկ այսօր շարունակում է օկուպացնել Հայաստանի տարածքի մի մասը:
«Այժմ, ինչպես երբեք, Կոնգրեսը պետք է գործի համատեղ, երկու կուսակցությունների ներգրավմամբ, որպեսզի պահպանվի Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, միջոցներ ձեռնարկեն Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար նրան պատասխանատվության ենթարկելու համար։ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու գինը դուրս է Հարավային Կովկասի սահմաններից։ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խոսում է նաև Ադրբեջանի նման պետություններին զենք կամ օգնություն չուղարկելու պատասխանատվության մասին, որոնք բացահայտ փորձում են ավարտել այդ հանցագործությունը»,- ասվում է կոնգրեսականի հայտարարության մեջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#ԱՄՆ #Ֆրենկ Փալոնե