«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին տրամադրվող գումարը շարունակաբար աճելու է։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք:
Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների հաղթահարման գործում արդյունավետ պետական աջակցության համակարգի ներդրումն է, որն էլ նպաստում է երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, արտագաղթի նվազմանը, հիփոթեքային վարկավորման համակարգի զարգացմանը, ինչպես նաև խթան է բնակարանային շինարարության և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման համար: 2010 թվականից ի վեր՝ ամեն տարի, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի միջոցով հարյուրավոր ընտանիքներ առաջնային և երկրորդային շուկայից ձեռք են բերել բնակարաններ հանրապետության մարզերում և Երևանում:
Երիտասարդ ընտանիքը սահմանվում է հետևյալ կերպ՝ «երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսինների տարիքների հանրագումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ երիտասարդ ծնող»: Պետության կողմից սուբսիդավորման ծավալը և շահառուների թիվը շարունակաբար ավելացել են, իսկ 2019 թվականին հասել է դեռևս առավելագույնին՝ 1196-ի: Այդ տարի Երևանում բնակարան է ձեռք բերել 499 երիտասարդ ընտանիք, մարզերում՝ 697:
2020 թվականին կորոնավիրուսի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ թիվը նվազել է․ Երևանում ձեռք են բերել 323 բնակարան, մարզերում՝ 558: Այս տարվա առաջին կիսամյակում Երևանում ձեռք են բերել 117 բնակարան, մարզերում՝ 269:
Հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5): Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը Երևանում և մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#երիտասարդ ընտանիքներ #ԿԳՄՍ #Վարկեր