Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը՝ Հակոբ Անդրեասյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր։
Ողջունելով ՌԱԿ պատվիրակության այցն Արցախ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը հայկական պահելու միակ ուղին միասնականությունն ու ողջ հայության ջանքերի միավորումն է: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է խթանել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացումը՝ հիմնական ներուժն ու միջոցներն ուղղելով բնակարանաշինությանն ու արցախցիների համար հայրենի հողում ապրելու և արարելու հնարավորությունների ստեղծմանը։
Անդրադառնալով 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմին՝ նախագահը նշել է, որ այն մեծ փորձություն էր համայն հայության համար, սակայն ժամանակն է համազգային նոր նպատակներ դնելու և նոր հաջողությունների ու հաղթանակների կերտման ուղղությամբ աշխատելու։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի անկախության ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը մնում են պետության առջև ծառացած գերակա խնդիրները։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#ԱՀ նախագահ #Արցախ #Ռամկավար ազատական կուսակցություն