«Ժողովուրդ»-ը գրում է. « ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։ Սակայն մենք տեղեկացանք, որ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն՝ առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կարդային ջարդի, եւ մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտգործնախարարությունում հերթական սկանդալն է հասունանում․ մոտ 10 դիվանագետների, որոնք պետք է մինչեւ հուլիսի 1-ը մեկնեին նշանակման վայրեր, ասվել է՝ մեկնումը հետաձգվում է։ Նրանց տարբեր երկրներում գործող ՀՀ դեսպանատներում եւ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի է նշանակել նախկին նախարար Արա Այվազյանը։ Նրանք պատրաստ են եղել մեկնելու՝ տոմսեր են ձեռք բերել, այստեղ բնակարանները հանձնել են վարձակալության, բնակարաններ են վարձակալել նշանակման երկրներում, երեխաներին են դպրոցներից հանել, ընտանիքների անդամների հետ՝ մոտ 40 մարդու կառավարությունից ասվել է՝ ստոպ»:
«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ վերջինիս մոտ կանգնած աղբյուրների, բավականին վճռական է տրամադրված: Նեղ շրջապատում էլ ասել է, որ եթե հանկարծ անինքնավստահության հարց քննարկվի, իր դիրքերը ամուր են, եւ որ ՔՊ-ական ավագանիների մոտ ոչինչ չի ստացվի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի կտրուկ նվազումը՝ մոտ 25 մանդատով, ոգեւորություն է առաջացրել իշխանական թիմում։ Հիշեցնենք, որ նախկին պառլամենտում 132 պատգամավոր էր, նորում ընդամենը 107-ն է լինելու։ Սա նշանակում է, որ բյուջեից հատկացումներն են նվազելու, նախկին սենյակների մի մասը թափուր է մնալու։ Ըստ այդմ, 7-րդ գումարման ԱԺ «խարոշիները» հավակնում են երկսենյականոց աշխատասենյակներ ունենալ, ինչպես ժամանակին ՀՀԿ-ականներն ունեին։ Դեռեւս վերջնական որոշում չի կայացվել, բայց, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ի հարկաբաժնում կտեղավորվի խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Հայաստան» դաշինքը»:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ինչ են գրում թերթերը #Մամուլ