ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ, միավորվելով և գալով նախնական համաձայնության, շորթմամբ ուրիշի գույքի հափշտակության հանցավոր մեխանիզմ են մշակել և իրագործել։
ԱԱԾ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացիները տեղեկացված լինելով, որ ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշմամբ զույգ համարանիշերի կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր չի տրամադրվում, փոխարենը՝ համարանիշերի վերականգման համար սեփականատերերը պարտավոր են կրկին հաշվառման համարանիշի արժեքի չափով վճարում կատարել պատկան մարմիններին, որոշել են օգտվել այդ հանգամանքից և մշակել են շորթմամբ ուրիշի գույքի հափշտակության հանցավոր մեխանիզմ և դրա հաջող իրագործման համար կատարել դերերի բաշխում:
«Հանցակցությամբ գործող անձինք որոշել են գիշերային ժամերին գաղտնի տիրանալ Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող, սովորականից թանկ հաշվառման համարանիշերին, ավտոմեքենաների դիմապակիներին թողնել իրենց կողմից օգտագործվող «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված օգտանունները, իսկ ապօրինի տիրացած տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը թաքցնել ավտոմեքենաների կայանման մոտակայքում գտնվող, այլ անձանց համար անտեսանելի թաքստոցներում: Տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից իրենց հետ կապ հաստատելու դեպքում թանկարժեք հաշվառման համարանիշերը վերադարձնելու դիմաց հանցավոր խմբի անդամները ներկայացրել են գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այն է՝ գումարներ փոխանցել կանխիկացման հնարավորությամբ օժտված կրիպտոարժութային դրամական միջոցների իրենց հաշվեհամարներին՝ սպառնալով չհամաձայնելու և գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել այդ համարանիշերը»,-նշում են գերատեսչությունից։
Նշվում է, որ հանցավոր խումբը տիրացել է 250.000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ զույգ համարանիշերի, որից հետո իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներին ստիպել են իրենց կողմից նշված կրիպտոարժութային հասցեից գնել կրիպտոարժույթ և փոխանցել իրենց թվային արժույթի դրամապանակներին, որպիսի գործողությունները կատարելուց հետո կարճ հաղորդագրություններով սեփականատերերին տեղեկացրել են, թե որտեղ են թաքցրել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը:
Քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների բավարար համակցությամբ՝ նշված անձինք հայտնաբերվել, բերման են ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
«Միաժամանակ, տրանսպորտային միջոցների այն սեփականատերերին, ում հաշվառման համարանիշերը հափշտակելուց հետո ավտոմեքենաների դիմապակիներին թողնվել են «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված «@RR407», «LIMONA 001» և «DUDI 001», «CRIMINAL NIGHT», «Թութան Համոն» անվամբ էջերի տվյալները, առաջարկվում է այդ մասին հայտնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու և նրանց պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#«Տելեգրամ» համացանցային հավելված #ԱԱԾ #պետհամարանիշերի գողություն