Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Ուղերձում նշված է.
«Մեծարգո պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ,
Հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ` Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքներն ու հաջողություններ մաղթում Ձեր շարունակվող պաշտոնավարմանը` ի շահ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի:
Ուրախ կլինեմ Ձեզ հետ շարունակել Ձեր առաջին մանդատի ընթացքում մեր համատեղ նախաձեռնած աշխատանքը: Գիտեք, որ Ֆրանսիան հետաքրքրությամբ է հետևում Հայաստանում Ձեր ձեռնարկած բարեփոխումներին:
Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորման որոնման հարցում:
Հավատացած եղեք, որ մենք հանձնառու ենք հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի վերականգնմանը, որը միակ ուղին է, որ ի զորու է երաշխավորել Հարավային Կովկասում երկարատև կայունության հաստատումը, ինչպես նաև խթանել տարածաշրջանի ժողովուրդների հետ խաղաղության, համերաշխության և բարեկամության մեր ընդհանուր արժեքները»,- ասված է Մակրոնի շնորհավորական ուղերձում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Էմանուել Մակրոն #Լեռնային Ղարաբաղ #Նիկոլ Փաշինյան