Կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմյան զարգացումների հետևանքով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021թ. ապրիլի 30-ին պաշտոնապես դիմել էր Զարգացման միջազգային ընկերակցությանը՝ խնդրելով ևս մեկ տարով երկարաձգել հավելյալ 1.7% տոկոսադրույքի կիրառումը չեղարկելու որոշումը: Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկից։
2021 թվականի հունիսի 29-ի գրությամբ Համաշխարհային բանկը տեղեկացրել է, որ հայկական կողմի խնդրանքը բավարարվել է, և հիշյալ հավելյալ տոկոսադրույքը չի կիրառվելու Համաշխարհային բանկի 2022 ֆինանսական տարվա (2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը) ընթացքում:
Համաշխարհային բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:
2020թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքի մնացորդը Զարգացման միջազգային ընկերակցության վարկերի գծով կազմել է 955 մլն ԱՄՆ դոլար, որից հավելյալ տոկոսադրույքը կիրառվում է 755 մլն ԱՄՆ դոլարի նկատմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Կորոնավիրուս #Համաշխարհային Բանկ