Найти тему
Armenia Today

Արցախի ԱԺ-ն՝ Էրդողանի՝ Շուշի այցելության մասին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2021թ. հունիսի 15-ին Շուշի կատարած այցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.   «1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ:   Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են:  

2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով միջազգային և տարածաշրջանային բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ՝ ուխտադրժորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, պատերազմական գործողությունների ընթացքում կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:  

Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր մարդիկ հայրենազրկվել են, ոչնչացվել և պղծվել են ազգային-քրիստոնեական հարյուրավոր կոթողներ:   Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն մայրաքաղաք Շուշի, մենք դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների որդեգրում:   Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր:Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը նոր մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ին և ԱՀ-ին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին:   Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես՝ ՌԴ-ին՝ զսպելու Թուրքիայի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի է նոր վտանգներով: Համայն հայությունը այս դժվարին օրերին պետք է բռունցքվի և դիմակայի նոր մարտահրավերներին»: Արցախի ԱԺԷրդողանՇուշի

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում