Найти тему
Armenia Today

Այս անգամ ավտոբուսների բրենդինգի գումար քաղաքապետարանը չի ծախսում․ Հակոբ Կարապետյան

Շուտով Հայաստան կմատակարարվեն Երևանի քաղաքապետարանի պատվիրած 211 ավտոբուսները:  

Այս մասին այսօր հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հրապարակելով լուսանկարներ ու տեսանյութ Չինաստանից, որտեղի մեքենաշինական գործարանում կատարվում է բրենդինգ՝ սկսած արտաքին տեսքից մինչև ուղեսրահի դետալներ։ Այս ամենն արվում է ՀՀ-ից պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով:  

Armenia Today-ը Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե որքան է այս անգամ Հայաստանի Հանրապետությունը ծախսելու ավտոբուսների բրենդինգի վրա։ Նախորդ անգամ «Գազել» մակնիշի մեքենաները բրենդավորելը արժեցել էր 24 միլիոն դրամ, 240 000 ՀՀ դրամ՝ ամեն մեքենայի համար։  

«Այս անգամ ամբողջ  ծախսը մեկտեղված է,- ասաց Հակոբ Կարապետյանը,- լրացուցիչ ծախսի կարիք չի եղել, քանի որ բրենդինգը մտնում է գնի մեջ»։  

Նա նաև հայտնեց, որ անցած անգամ այդպիսի շռայլություն իրենց կարողացել են թույլ տալ, քանի որ նախ զեղչված են եղել ավտոբուսի գները, ապա «Գազել» մակնիշը չի ունեցել բրենդինգի հնարավորություն, ՀՀ է մատակարարել ամբողջովին սպիտակ մեքենաներ, ստիպված են եղել Հայաստանում դրանք բրենդավորել։ Այնինչ այս պատվերի դեպքում չինական ընկերությունը կարող է տեղում բրենդավորել ու ՀՀ ուղարկել միանգամից երթուղի դուրս գալու պատրաստ ավտոբուսներ։  

Հիշեցնենք, որ ըստ պայմանագրի, ավտոբուսները Երեւանում կլինեն այս տարվա աշնանը:   

Արաքսյա Սնխչյան

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Երևան #Հակոբ Կարապետյան #Քաղաքապետարան