Найти тему
Armenia Today

Իմ բացթողումն է եղել․ Անահիտ Ավանեսյանը՝ դիահերձարաններում զոհվածների դիերի ոչ պատշաճ պահման մասին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում պահվող զոհված զինծառայողների դիերի պահման փաստին։  Նա գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:

Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնն արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար: Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով: Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ: Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փորձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքներն արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունն արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»։

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տարածվել էին լուսանկարներ՝ վերոնշյալ դիահերձարանից։ Ավելի ուշ, Առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատներն այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել։