Տարբեր դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ բնակչության կեսից ավելին կգնա քվեարկության։ Հիմնվելով նախկին ընտրությունների փորձի վրա կարող ենք ասել, որ մարդիկ մեկ-երկու ամիս առաջ հայտարարում են, թե չեն գնալու ընտրության, սակայն ընտրությունների օրը ակտիվ մասնակցում են դրան։ Նույնն էլ այս անգամ է սպասվում։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ կանխատեսումներ անելով հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«Մոտավորապես մեկուկես-երկու ամիս առաջ շատերն անտրամադիր էին, անվստահություն կար ընտրական գործընթացի նկատմամբ, բայց տեսնում ենք, որ դա փոխվում է և քվեարկելու գնացող ընտրողների թիվը բավականին մեծացել է։ Ուրեմն՝ մարդիկ կգնան քվեարկության, թե ում կքվեարկեն, դա ուրիշ հարց է»,- նշեց նա։
Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ ընտրողների թիվն աճող է․ որքան մոտենա քվերակության օրն, այնքան ընտրել ցանկացողների թիվը կմեծանա։
Խոսելով ընտրությունների սպասվող արդյունքների և ապագա խորհրդարանի կազմի մասին, Բադալյանն նշեց, որ իր կարծիքով ապագա ԱԺ-ն կազմված կլինի «Հայաստան» դաշինքից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, «Պատիվ ունեմ» դաշինքից ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Ճիշտ է՝ Արմեն Բադալյանը դեռ չի կողմնորոշվում, թե վերջին երկուսից որը կլինի երրորդ ու որը՝ չորրորդ տեղում։
Իսկ ո՞վ է յուրաքանչյուր դաշինքի մոտավոր ընտրազանգվածը։ «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի գործող վարչապետի «հակաընտրազանգվածը»․ առաջինը՝ մարդիկ, որոնք ոչ մի դեպքում Փաշինյանին չեն քվեարկի, երկրորդը՝ հենց Քոչարյանի հետևից գնացող մադիկ են, այսինքն նրանք, ովքեր համոզված են, որ երկրորդ նախագահն է երկիրը հանելու ստեղծված ճգնաժամից, ուժեղ ղեկավար ունենալու կողմնակից են, ասաց Բադլայանը։ Ըստ նրա՝ երրորդը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման կողմնակիցներն են, որոնք, ի տարբերություն ներկա իշխանություններին, որոնք անընդհատ խոսում են հայ-ռուսական հարաբերությունների մասին, սակայն նայում են դեպի արևմուտք, կարծում են, որ Քոչարյանը, լինելով Պուտինի ընկերը, հայ-ռուսական հարաբերությունները կարող է դնել բարձր մակարդակի վրա, ինչը պրագմատիկորեն մեզ պետք է տնտեսության զարգացման, անվտանգության համար և այլն։
«Ինչ վերաբերում է Քաղաքացիական պայմանագրին, ապա դա պայքարողների մի զանգված է, որը հանձինս վարչապետի տեսնում է մի մարդու, որը պայքարող է և նշված հատվածը կգնա մի մարդու հետևից, որը պայքարում է անցած 20-30 տարվա իշխանությունների դեմ։ Իսկ թե կոնկրետ ինչի դեմ է պայքարում, արդեն հասկանալի չէ, քանի որ նշում են տարբեր բաներ՝ թալանածի դեմ, սև ու մութի դեմ, 50 տոկոս փայատերի դեմ»,- ասաց Բադալյանը։
Վերլուծաբանի դիտարկմամբ, ՔՊ-ի ընտրազանգվածը ոչ այնքան ռացիոնալ, որքան զգացմունքներով է առաջնորդվում, քանի որ նրանց մեծ մասը չի կարող նշել, թե կոնկրետ ինչի դեմ է պայքարում։ Չմոռացավ նշել նաև այն մարդկանց, որոնք միշտ և բոլոր ընտրություններին քվեարկում են գործող իշխանությունների օգտին։
Ու հենց այն պատճառով, որ այս ընտրազանգվածը մեծացող չի, այլ կարող է կամ մնալ նույնը կամ փոքրանալ, քաղտեխնոլոգի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը 50+1 տոկոս ձայն չի հավաքելու, իսկ եթե հավաքեց, ուրեմն կեղծիք է։
Այդուհանդերձ Արմեն Բադալյանը չի բացառում, որ քարոզարշավի 12 օրերի ընթացքում կարող է շատ բան փոխվել, վերջնական կանխատեսում կարող է անել հունիսի 18-ին։
Արաքսյա Սնխչյան
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Արմեն Բադալյան #Ընտրություններ #Փաշինյան #Քաղտեխնոլոգ #Քոչարյան