Մայիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալիի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային օրակարգին առնչվող արդիական հարցերի շուրջ։ Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցն ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հավելենք, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները դեռևս անարդյունք են: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի զինվորականների ներխուժումը որակել է որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Հայ-Ադրբեջանական Սահման #ՌԴ ԱԳ փոխանախարար #ՌԴ-ում Իրանի դեսպան