Найти в Дзене
Armenia Today

Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում․ ՀՀԿ

ՀՀԿ Գործադիր մարմինը Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։  

Հայտարարության մեջ ասված է․

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես, մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի՝ պետական սահմանի ապօրինի հատման և 3.5 կմ խորությամբ առաջխաղացում իրականացնելու կապակցությամբ։

Գործադիր մարմինն արձանագրում է, որ իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում ստեղծված խոր ճգնաժամի և Արցախյան վերջին պատերազմի կործանարար արդյունքների հետևանքով։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում, որոնց կանխման, չեզոքացման ուղղությամբ գործող իշխանություններն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում։ Արդյունքում Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը և հայկական կողմից նոր զիջումներ ակնկալելու, նոր պահանջներ ներկայացնելու բարենպաստ հող նախապատրաստում։

Ներկայիս ապիկար վարչակազմը չի տիրապետում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և պետության ինքնիշխանության վերակագնման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին: Գործադիր մարմինը նաև արձանագրում է, որ գործող վարչախմբի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մեծացնում է Հայաստանին ու Արցախին, հավաքական առումով՝ հայ ժողովրդին սպառնացող վտանգները»։

Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Իսկ ուշ երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:

Այսօր ևս՝ Կառավարության նիստից հետո, տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ՝ Սյունիքում առկա վիճակը քննարկելու համար։ Հավելենք, որ այս պահին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կրկին տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#ՀՀԿ #ՀՀԿ գործադիր մարմին #Սյունիք