Երևանի Կենտրոն վարչական շրջանի համայնքապետարանում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ազիզյանի ու թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի միջև, ինչի հետևանքով Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Կենտրոնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանը Factor TV-ի հետ զրույցում դեպքից մանրամասներ ներկայացրեց։ «Ներս մտան՝ մոտ 10 հոգի էին:
Երբ ծեծկռտուքը սկսվեց, ինձ քաշեցին մի կողմ։ Նրանց մեջ էր Կենտրոնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, կային կոմունալ բաժնի աշխատակիցներ, ֆինանսական բաժնի պետը, վարչատնտեսական բաժնի պետը և իրենց վարորդները»,- պատմեց Մելիքսեթյանը։
Նրա խոսքով՝ վեճը ծագել է Երևանի ավագանու որոշումներից մեկի շուրջ, ըստ որի՝ թաղապետարաններում 2 բաժիններ՝ քաղաքաշինության և հողօգտագործման բաժինն ու կոմունալ բաժինը պետք է միավորվեն։ «Մեզ բոլորիս ծանուցել էին, որ մենք պետք է աշխատանքից ազատվենք, քաղաքաշինության բաժնի աշխատակիցները դա բողոքարկել են դատարանում։ Այսինքն՝ օրենքի ուժով մեզ չեն կարող ազատել, որովհետև բողոքարկված է դատարանում։
Եվ քանի որ չեն կարողացել օրենքի ուժով, անցել են խուլիգանական հարձակման ու ծեծկռտուքի»,- նշեց համայնքապետարանի աշխատակիցը՝ հավելելով, որ ինքը ևս աշխատասենյակն ազատելու պահանջ է ստացել։ Ոստիկանությունից մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ միջադեպի վերաբերյալ ահազանգ են ստացել, գործողություններ են իրականացնում։
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղեկացանք, որ շուրջ 2 ժամ առաջ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել Մանուել Մարգարյանը։ Նրա վիճակը գնահատվում է բավարար, ներկայում գտնվում է հետազոտման փուլում։
Читай больше новостей на нашем сайте
#Ծեծկռտուք #Կենտրոնի համայնքապետարան #«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց