Найти тему
Armenia Today

Բորիս Ավագյանին փորձում են պաշտոնից ազատել մեզ հետ հանդիպումից հետո․ Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ-ում հայ գերիների թեմայով քննարկմանը մասնակցած Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ փոխտնօրեն ներկայացած Բորիս Ավագյանի հայտարարություններից հետո Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով քննարկման մասնակցել:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին հորդորել է Բորիս Ավագյանի մեկնաբանությունները չներկայացնել Արցախի նախագահի և որևէ այլ պետական մարմնի հետ առնչվող որևէ կարգավիճակով։

Տեղեկացնենք, որ Բորիս Ավագյանը գերիների թեմայով քննարկմանը մասնակցել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած, անկախ պատգամավորի հրավերով։

Քննարկմանը մասնակցած Թագուհի Թովմասյանն ArmeniaToday-ի հետ զրույցում  պարզաբանեց, որ Բորիս  Ավագյանը հրավիրված է եղել որպես ԱԻՊԾ փոխտնօրեն։ Պատգամավորը նկատեց՝ Ավագյանը ներկայացված է եղել համազգեստով՝ ուսադիրներով։

Թե ինչու է պաշտոնական Ստեփանակերտը նման հերքում տարածել, Թագուհի Թովմասյանը դժվարացավ պատասխանել, բայց վստահ է մեկ հարցում․

«Արցախի նախագահի մամուլի խոսնակի հայտարարություններում չկա որևէ նախադասություն, թե նա երբվանից չի զբաղեցնում ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը։ Մամուլի խոսնակը միայն նշել է, որ Ավագյանը նախորդ ամսվանից չի զբաղեցնում ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի պաշտոնը։ Այդ դեպքում թող հրապարակի ազատման օրն ու հրամանը»,- նշեց պատգամավորը։

Թագուհի Թովմասյանի տպավորությամբ՝ Բորիս Ավագյանին փորձում են պաշտոնից ազատել անկախ պատգամավորների հետ հանդիպումից և աղմկահարույց հայտարարություններից հետո։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում գերիների հարցով քննարկման ժամանակ Բորիս Ավագյանը կարծիք էր հայտնել, որ «Իմ քայլի» պատգամավորները շահարկում են գերիների խնդիրը, դրսևորում են անթույլատրելի արարքներ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

#Թագուհի Թովմասյան #ՀՀ ԱԺ #Բորիս Ավագյանին