Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և երկրի մնացած քաղաքներում հունվարի 23-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու աջակիցները, որոնք պահանջում էին ազատ արձակել հունվարի 17-ին Գերմանիայից Ռուսաստան վերադարձած և օդանավակայանում ձերբակալված Նավալնուն: Որպեսզի առավել հասկանալի լինի, թե ինչու Ռուսաստանում հենց այս պահին ակտիվացան արևմտամետ հայացքներ ունեցող Նավալնին և նրա աջակիցները, պետք է իրավիճակը վերլուծենք՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում ստեղծված ներքաղաքական նոր իրավիճակը:
2020 թվականի նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Դեմոկրատական կուսակցության թեկնածու, գլոբալիստական հայացքներ ունեցող Ջո Բայդենը, որը հունվարի 20-ին պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը՝ փոխարինելով պահպանողական հայացքներ ունեցող Դոնալդ Թրամփին: Արտաքին քաղաքականության մեջ Թրամփն իր նախագահության տարիներին չհետևեց իր նախորդների օրինակին և առավել սերտ համագործակցություն հաստատեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի տարբերություն Օբամայի՝ Թրամփը հրաժարվեց ֆինանսավորել Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկրներում գունավոր հեղափոխություններ իրականացնելու փորձերը, ինչի արդյունքում գլոբալիստական ուժերին չհաջողվեց 2020 թվականին Բելառուսում իշխանությունից հեռացնել 1994 թվականից երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Լուկաշենկոյին: Թրամփի հեռանալը և Բարաք Օբամայի վարած քաղաքականության կողմնակից Ջո Բայդենի (Բայդենը 2008-2016 թվականներին եղել է Օբամայի փոխնախագահը) հաղթանակը հնարավորություն է ընձեռում Ռուսաստանում և նրա ազդեցության տակ գտնվող երկրներում գործունեություն ծավալող արևմտամետ ուժերին ակտիվանալ՝ վստահ լինելով, որ այսուհետ բացի Եվրամիության անդամ երկրներից ստանալու են նաև ԱՄՆ-ի քաղաքական և ֆինանսական աջակցությունը:
Գլոբալիստական ուժերը Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակը սրելու հերթական փորձը ձեռնարկեցին 2020 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից 2 ամիս առաջ, երբ 44-ամյա Ալեքսեյ Նավալնին իբրև թե թունավորվեց, այնուհետև հրաժարվեց բուժօգնություն ստանալ Ռուսաստանում և տեղափոխվեց Գերմանիա, որտեղ նրա անվտանգությունն ապահովում էին Անգելա Մերկելի անվտանգության աշխատակիցները: Նավալնին իր թունավորման մեջ մեղադրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշելով, որ այդ կերպ Պուտինը ցանկանում է ազատվել իր գլխավոր քաղաքական հակառակորդից: Նավալնուն աջակցություն հայտնեցին Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ անդամ մյուս պետությունների իշխանությունները՝ փաստացի Նավալնու թունավորման մեջ մեղադրելով ՌԴ իշխանություններին: Ուշագրավ է նաև այն, որ Նավալնին Գերմանիայում բուժում էր ստանում Ջո Բայդենի մտերիմ Բիլ Գեյթսին պատկանող հիվանդանոցում:
Արդեն 2021 թվականի հունվարի 17-ին՝ Ջո Բայդենի ինագուրացիայից 3 օր առաջ, Ալեքսեյ Նավալնին վերադարձավ Ռուսաստան, որտեղ նրա նկատմամբ ավելի վաղ հարուցվել էր քրեական գործ: Նավալնին ոստիկանության կողմից բերման ենթարկվեց հենց օդանավակայանից, իսկ հաջորդ օրը դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Նավալնին իր աջակիցներին կոչ արեց հունվարի 23-ին դուրս գալ փողոց և իշխանությունից հեռացնել «բռնապետ» Վլադիմիր Պուտինին:
«Կոռուպցիոներ» Պուտինը. Մարդկանց փողոց հանելու ի՞նչ մարտավարություն էին ընտրել գլոբալիստները
Վերլուծելով Նավալնու ձերբակալությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ կարելի է պնդել, որ Նավալնուն հովանավորող ուժերն իրենց հետագա քայլերը մանրամասնորեն ծրագրել էին նախապես: Նավալնու կալանավորման հաջորդ օրը՝ հունվարի 19-ին, համացանցում հայտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու վերաբերյալ «Дворец для Путина. История самой большой взятки» ֆիլմը, որը պատմում է Գելենջիկում գտնվող մի պալատի մասին, որը, ըստ ֆիլմի հեղինակների, պատկանում է Վլադիմիր Պուտինին: Պաշտոնական Կրեմլը հերքեց ֆիլմում կատարված պնդումները՝ նշելով, որ Վլադիմիր Պուտինը ունեցվածք չունի Գելենջիկում: Այնուամենայնիվ, 4 օրում ֆիլմն ունեցավ ավելի քան 70 միլիոն դիտում, և հունվարի 23-ին Նավալնու աջակիցները դուրս եկան փողոց՝ հույս ունենալով, որ նրանց կմիանա նաև Պուտինի՝ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու վերաբերյալ փաստերից զայրացած ռուս ժողովուրդը:
Փողոցում Նավալնու աջակիցների պահվածքը հիշեցնում էր Վրաստանում, Ուկրաինայում գունավոր հեղափոխություններին նախորդած ցույցերը, այսինքն ձեռագիրը նույնն էր. օպերացիան ղեկավարում էին գլոբալիստները: Ցուցարարների մեծ մասը 16-25 տարեկան երիտասարդներ էին, որոնք փողոց էին դուրս եկել ուսապարկերով, որոնց մեջ տեղավորել էին ծուխ առաջացնող նռնակներ, ներկեր, պայթուցիկներ՝ դրանք ոստիկանների հետ բախումների ժամանակ օգտագործելու նպատակով: Ցուցարարներից ոմանք փողոց էին դուրս եկել իրենց մանկահասակ երեխաների հետ, որի նպատակը, ինչպես համոզվել ենք գունավոր հեղափոխությունների ժամանակ, ոստիկանությանը ստիպելն է զերծ մնալ ուժային գործողությունների դիմելուց:
Ցույցերի մեկնարկից մի քանի ժամ անց դրանց կազմակերպիչները, համոզվելով, որ փողոց դուրս եկած մարդկանց թիվը սպասվածից անհամեմատ ավելի քիչ է, որոշեցին դիմել սադրիչ գործողությունների և բախումներ հրահրել ոստիկանների հետ՝ ներկ լցնելով նրանց վրա, ծուխ առաջացնող նռկաներ և ձնագնդիներ նետելով նրանց ուղղությամբ: Այնուամենայնիվ, ոստիկանները չտրվեցին ագրեսիվ ցուցարարների սադրանքներին և առանց կոշտ գործողությունների կարողացան հեշտությամբ ցրել հավաքվածներին: Ցույցերի ավարտից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ բոլոր քաղաքներում ձերբակալվածների ընդհանուր թիվը կազմում է 3066:
Հունվարի 23-ին Նավալնու աջակիցների ամենամարդաշատ բողոքի ակցիան տեղի է ունեցել մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ փողոց է դուրս եկել 10-12 հազար մարդ: Մյուս քաղաքներում ցուցարարների թիվը չի գերազանցել մի քանի հարյուրը: Արևմտյան կառույցներից ֆինանսավորվող ԶԼՄ-ները, որոնք տեղից լուսաբանում էին բողոքի ակցիաները, նշում են, որ միայն Մոսկվայում փողոց դուրս եկածների թիվը կազմել է 40 հազար:
ԵՄ անդամ երկրները և ԱՄՆ-ը արդեն իսկ հանդես են եկել Ռուսաստանի իշխանությունների գործողությունները դատապարտող հայտարարություններով և պահանջել են ազատ արձակել Ալեքսեյ Նավալնուն:
Առավել քան ակնհայտ է, որ Նավալնին և նրա աջակիցները շարունակելու են ներքաղաքական իրավիճակը սրելու փորձերը, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ապացուցել է, որ կարողանում է ճիշտ գործել ճգնաժամային իրավիճակներում և արդյունավետ պայքար մղել օտարերկյա հատուկ ծառայություններից կառավարվող գործակալական ցանցերի դեմ: Ռուս ժողովուրդը ևս, փողոց դուրս չգալով, ապացուցեց, որ չի տրվելու գլոբալիստական ուժերի սադրանքներին և չի մասնակցելու արդար և բարեկեցիկ երկրում ապրելու լոզունգների տակ թաքնված հեղաշրջման և Ռուսաստանի կործանման նպատակ ունեցող գործողություններին:
Վահե Աղաջանյան