Найти тему
Հայաստանն այսօր

«Մալաթիա» տոնավաճառի առևտրականները համաձայն են 3 օր չաշխատել, բայց տուն գնալ չեն պատրաստվում

«Մալաթիա» տոնավաճառի առևտրականները հրաժարվում են դադարեցնել բողոքի՝ առավոտյան վաղ սկսած ակցիան ու գնալ տուն: Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը Տեսչական մարմնի ներկայացուցիչներին ընդունելուց հետո դուրս եկավ հավաքված առևտրականների մոտ և անձամբ խնդրեց նրանց գնալ տուն, իսկ վաղը 9:30 վերադառնալ, որպեսզի մարմնի ղեկավարի հետ կայանալիք հանդիպման մանրամասները հայտնի:

«Ես շուկայի 10 աշխատակցի հետ պատրաստվում եմ գնալ Տեսչական մարմին: Կարիք չկա այստեղ կանգնելու, մրսել-հիվադանալու: Խոստանում եմ առավոտյան հայտնել որոշման մասին»,- ասաց Ավետիսյանը:

Ըստ առևտրականներին հասած տեղեկության՝ հնարավոր է Տեսչական մարմինը փոխի որոշումը և 3 օր հատկացնի անվտանգության մի քանի կետեր վերականգնելու համար: Նրանք համաձայն են սպասել երեք օր, նույնիսկ մեկ շաբաթ են պատրաստ չաշխատել, իսկ դրանից հետո պատրաստ են աշխատանքի հետ զուգահեռել խախտումները շտկելն ու անգամ՝ օգնել աշխատողներին:

«Մենք հացի խնդիր ունենք: Չենք հասկանում, թե ի՞նչու հնարավոր չէ մեր աշխատանքը չդադարեցնելով՝ խախտումներ վերացնել: Դա մեկ րոպեի բան չէ: Մեկ կոճակ սեղմելով չես կարող բարձրացնել ծխնելույզները»,- ասացին նրանք:

Աշխատակիցներից ոմանք էլ պատմեցին, որ արդեն հետաքրքրվել են նոր աշխատանքով, բայց ապարդյուն:

«70 տարեկան ենք, անգլերեն չգիտենք: Մեզ ոչ ի տեղ աշխատանքի չեն վերցնի, իսկ մյուս շուկաներում էլ ասում են՝ տեղ չկա»,- ասացին նրանք՝ շեշտելով, թե տուն գնան թոռներին ինչ են տալու ուտելու, հացի խնդիր կա, զինվորին պահելու խնդիր կա, ընդամենը օրավարձով ապրող մարդիկ են:

Հիշեցնենք, որ տեսուչները որոշել են փակել տոնավաճառը փետրվարի 1-ից՝ օբյեկտում հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ հայտնաբերելուց հետո։ Ըստ ՏՄ-ի՝ 17 անհրաժեշտ կանոններից միայն 12-ն է տոնավաճառում պահպանված:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում