Найти в Дзене
Հայաստանն այսօր

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են տեղում իրավիճակը գնահատելու, անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը:

Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են: Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու: Նշել է նաև, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:

Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ: Նախարարը շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը` իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու, նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում