Найти тему
Հայաստանն այսօր

Իրանի խորհրդարանը Բաքվին հորդորում է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված «էմոցիոնալ որոշումներից»

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է Ադրբեջանի իշխանություններին Իրանում այդ երկրի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց, հայտնում է Mehr-ը։

«Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար»,- ասել է Ղալիբաֆը՝ հավելելով, որ երկիրը մանրակրկիտ և համապարփակ հետաքննում է միջադեպը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պաշտոնյաները տեղյակ են հետաքննության մանրամասներին, և «այդ ոլորտում սերտ երկկողմ համագործակցությունը շարունակվում է»։

«Ոչ մի ապացույց չի գտնվել տեղի ունեցածն ահաբեկչություն համարելու համար։ Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված զգացմունքային որոշումներն այն են, ինչ ցանկանում են երկու երկրների ընդհանուր թշնամիներն իսլամական աշխարհին, խոսքը վերաբերում է հատկապես Սիոնիստական ​​ռեժիմը վատաբանողներին»,- ընդգծել է Իրանի խորհրդարանի նախագահը։

Ղալիբաֆը հավելել է, որ ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունվի։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին զինված հարձակում էր իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի ժամանակ մահացել է աշխատակիցներից մեկը: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել էր հարձակումը և ասել, որ, ըստ նախաքննության արդյունքների՝ հարձակումը կապված է հարձակվողի անձնական դրդապատճառներով։ Ադրբեջանի ԱԳՆ վարչության ղեկավար Այխան Հաջիզադեն իր հերթին ասել էր՝ Բաքուն չի հավատում, որ «Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն իրականացվել է անձնական պատճառներով»։

Հարձակումից հետո Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մանրամասնել էր, որ աշխատանքը դադարեցնելու որոշումը չի տարածվում Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության վրա, որը շարունակում է աշխատել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում