Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ:
Երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից իրականացվող քայլերին:
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են ներքին կուռ միասնություն, արտաքին ու ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, քանի որ հակառակ դեպքում կարող ենք կանգնել Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: