Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հրազդան ԲԿ տեղափոխված բոլոր երեխաներն այս պահին դուրս են գրվել. մարզպետարան

Առավոտյան Հրազդանի թիվ 11 դպրոցից Հրազդան ԲԿ տեղափոխված բոլոր երեխաներն այս պահին դուրս են գրվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ինգա Հայրիյանը:

Նրա խոսքով՝ նախապես հիվանդանոց տեղափոխված 12 երեխաներից զատ՝ օրվա ընթացքում որոշ ծնողներ ապահովության համար բուժզննության են տարել իրենց երեխաներին:

«Որևէ լուրջ խնդիր որևէ մեկի մոտ չի եղել: Բոլորը լավացումով դուրս են գրվել: Ախտանշանները նույնիսկ թունավորման չեն հասել. երեխաների մոտ եղել է գլխապտույտ, սրտխառնոց»,- ասաց Հայրիյանը:

Նրա հաղորդմամբ՝ 12-ից 4-ը դուրս է գրվել անմիջապես, իսկ 8-ն օրվա ընթացքում: 13:00-ի դրությամբ՝ ԲԿ է այցելել ընդհանուր 30 երեխա:

Դեպքի մանրամասներից շատ բան հայտնի չէ, քանի որ դպրոցի տնօրենը խառն է ստեղծված իրավիճակով: Հայտնի է միայն, որ դա տեղի է ունեցել մեկ դասարանում:

Ինչպես Armenia Today-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության ԶԼՄ-ի և հասարակայնության հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ ոստիկանությունը ահազանգ ստանալուն պես կազմել է փաստաթղթեր ու գործը փոխանցել նախաքննական մարմին:

Հիշեցնենք, որ ԱՆ հաղորդագրության համաձայն՝ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում