Найти тему
Հայաստանն այսօր

Արցախին նվիրաբերած պարենամթերքն ու հումանիտար բեռը դեռևս գտնվում են Գորիսում․ տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները շարունակում են գտնվել Գորիս քաղաքում և դեռևս անհնարին է հասցնել Արցախ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Տեղեկացնում ենք նաև, որ շարունակվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ: Բարեգործական բեռն Արցախ տեղափոխելու հնարավորության դեպքում այն կպահեստավորվի Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում