Найти тему
Հայաստանն այսօր

Ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք ՀՀ հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ․ Փաշինյան

Ինչպես նախորդ տարեվերջին ենք պայմանավորվել, այս տարի ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք Հայաստանի Հանրապետության հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ: Այս մասին հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա կարևորել է հարկային, մաքսային և այլ ոլորտներում կոռուպցիայի, ինչպես նաև ստվերային դրսևորումների դեմ հետևողական ու արդյունավետ պայքարը:

Հարկային պետոնցիալն իրացնելու համատեքստում վարչապետը նշել է. «Պետք է հասկանալ, թե որն է աշխատանքի արդյունավետ մեթոդաբանությունը, հստակ ֆիքսել խնդիրները և գնալ կոնկրետ լուծումների: Այս առումով, անհրաժեշտ են խորը և արմատական բարեփոխումներ»:

Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները և ներկայացնել հարկային պոտենցիալի լիարժեք իրացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ:

Անդրադարձ է կատարվել ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և սոցիալական վճարների, ինչպես նաև շահութահարկի գծերով փաստացի պետական բյուջե կատարված մուտքերին, հարկային եկամուտների մեծացման պոտենցիալ հնարավորություններին և ստվերի կրճատման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Ներկայացված գնահատականների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ՝ հարկային պոտենցիալ միջոցները պետական բյուջե ներգրավվելու ուղղությամբ: Քննարկվել են նաև Շրջանառության հարկի ուղղությամբ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և այլ պաշտոնատար անձինք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում