Найти тему
Հայաստանն այսօր

Արցախի ԱԳՆ-ն ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել կասեցնել Ադրբեջանի անդամակցությունն այս կազմակերպությանը

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ կոչ անելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ ընդգծելով կազմակերպությունում վերջինիս ներկայացուցչության իրավունքները կասեցնելու անհրաժեշտությունը՝ ԵԽ կանոնադրության բացահայտ խախտման պատճառով։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։

Նամակում ներկայացվել են շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև մարդկանց տառապանքները սաստկացնելու նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները։

Նամակում նշվում է, որ Ադրբեջանը, իր կանխամտածված գործողություններով, Արցախի ժողովրդին զրկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող մարդու հիմնական իրավունքներն իրացնելու հնարավորությունից, ինչը հանդիսանում է պետական ահաբեկչություն։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը, որն Արցախի դեմ 2020 թվականի բարբարոսական ռազմական արշավից հետո անօրեն մնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ներկայումս օգտագործում է կեղծ «բողոքի ակցիաները» որպես հիբրիդային պատերազմի մարտավարություն, որպեսզի հասնի Արցախի ժողովրդին բնաջնջելու հրապարակայնորեն հայտարարված նպատակին:

Այդ համատեքստում նամակում կոչ է արվել ԵԽ Գլխավոր քարտուղարին, կազմակերպության ղեկավարությանը և անդամ պետություններին կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, արագ և վճռականորեն օգտագործել Եվրոպայի խորհրդի ողջ գործիքակազմը՝ Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի և անմարդկային շրջափակումն անհապաղ վերացնելու նպատակով։

Գրության պատճեններն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:

Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում