Թուրքիան պատրաստվում է Անդրկովկասում ռազմական դիմակայության նոր փուլի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Armenia Today-ին ասել է ռուս քաղաքագետ, արևելագետ Եվգենի Սատանովսկին։
«Դա իմ տեսակետն է, և, հավանաբար, իրանցիներն էլ են դա տեսնում», — հայտարարել է նա՝ պատասխանելով Թուրքիայում Իրանի ԱԳ նախարարի վերջին բանակցությունների հնարավոր ազդեցության մասին հարցին: Փորձագետի խոսքով, Հայաստանն իր կապերն ունի Իրանի հետ, որոնք «բավական լուրջ» են հետաքրքրում իրանցիներին, իսկ Թուրքիան իր հայացքներն ունի Անդրկովկասի և, մասնավորապես, «այնտեղ հայերի առկայության մասին»: «Այդ հայացքները իրարամերժ են, քանի որ միշտ Օսմանյան կայսրությունն ու Պարսկաստանը կռվել են միմյանց հետ, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում», - նշել է Սատանովսկին։
Քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանի՝ տարածաշրջան գալուց հետո Կովկասը մի քանի դար եղել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ ԽՍՀՄ կազմի մեջ։ «Այժմ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում տիրող իրավիճակով, և թուրքերն ու պարսիկները կրկին լուծում են իրենց հարցերը։ Տվյալ դեպքում Իրանի շահերն ավելի մոտ են Հայաստանի շահերին, Թուրքիայի շահերը միանշանակ համընկնում են Ադրբեջանի շահերի հետ, որն այսօրվա դրությամբ թուրքերի հետ միասնական արտաքին քաղաքական, ռազմական և տնտեսական համակարգի մի մասն է», — եզրափակել է Սատանովսկին։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Կովկասի տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն չպետք է տեղի ունենա: Անկարա կատարած այցի շրջանակներում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև երկու փուլ բանակցություններ է վարել երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: