Найти тему
Հայաստանն այսօր

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանություն: Նրան զեկուցվել է, որ 2022 թվականին ավարտին է հասցվել Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը և այժմ ընթացքի մեջ են գերատեսչության բնականոն գործունեության ապահովման աշխատանքները, որոնք կտևեն 6 ամիս: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության պարեկային ծառայություններ են ձևավորվել Լոռու և Շիրակի մարզերում, արդեն առաջիկա օրերին նման ծառայություններ կսկսեն գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Ընթացքի մեջ են Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում Պարեկային ծառայությունների ձևավորման աշխատանքները: Ներկայում ընթացքում է մրցույթային փուլը՝ կադրերի համալրման նպատակով: 2023 թվականին նախատեսվում է ձևավորել նաև Ջրային պարեկային ծառայություն:

Անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման թիվը 2021 թվականի համեմատ ավելացել է 77 տոկոսով:

Ներկայացվել են Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի գործունեության արդյունքները: Տեղեկացվել է, որ նորաստեղծ կենտրոնը գործունեության երկու ամսում կայացրել է 2155-ով ավելի վարչական պատասխանատվության որոշում: Տեղեկացվել է նաև, որ 2022 թվականի ընթացքում Հանրապետությունում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:

Մասնովարապես, նախորդ տարի արձանագրվել է 4 հազար 308 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 321 և մարմնական վնասվածքներ ստացել 6 հազար 153 անձ: 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը նվազել է 296-ով, զոհերի թիվը՝ 47-ով, իսկ վիրավորներինը՝ 546-ով: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում ՃՏՊ-ների թվի նվազում տեղի է ունեցել առաջին անգամ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել և ընդլայնել բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են ՃՏՊ-ների թվի նվազմանը:

«Պետք է էականորեն բարձրացնել վարորդական վկայականնների տրամադրման ստանդարտը՝ համապատասխան միջազգային չափանիշների: Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է: Իրականացվող միջոցառումները պետք է ունենան ՃՏՊ-ները կանխարգելող նշանակություն»,-ընդգծել է նա:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում