Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ադրբեջանի վարքը որևէ արդարացում չունի. ՀՀ ԱԳՆ-ն՝ երեխաներին ահաբեկելու մասին

ՀՀ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած վերաբերմունքը՝ ընդգծելով, որ այն որևէ արդարացում չունի: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ Ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ վարքագիծ ցուցաբերող «էկո-ակտիվիստները» կանգնեցրել են Լաչինի միջանցքով երեխաներին տուն՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխող փոխադրամիջոցը, ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել, դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ հիշեցնելով, որ այս ամենի հետևանքով երեխաները ենթարկվել են հոգեբանական ահաբեկման, նրանցից մեկն ուշաթափվել է։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։

«Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում: Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին` նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար»,- նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Շուշի-Քարին տակ հատվածում մեքենան կանգնեցվել էր ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային էին մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել էին մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում