Պերուում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին, TASS-ի փոխանցմամբ, այսօր հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը։
Նրա տվյալներով՝ չորեքշաբթի ցուցարարները Մակուսանի քաղաքում հրկիզել են ոստիկանական բաժանմունքն ու դատարանի շենքն այն բանից հետո, երբ հակակառավարական ցույցերի ժամանակ երկու մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել:
Ավելի վաղ Պերուի իշխանությունները հայտարարել էին մի շարք շրջաններում արտակարգ դրություն սահմանելու մասին: Պերուի դատախազության տվյալներով՝ անկարգություններին մասնակցելու համար ավելի քան 300 մարդ է ձերբակալվել։
Նախագահ Պեդրո Կաստիլյոյի պաշտոնանկությունից հետո 2022 թվականի դեկտեմբերի 7-ին Պերուում լայնածավալ հակակառավարական ցույցեր են սկսվել: Դրանք ուղեկցվում են ճանապարհների արգելափակմամբ, օդանավակայանների և կառավարական շենքերի վրա հարձակումներով։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են պետության ղեկավար Դինա Բալուարտեի հրաժարականը և նոր ընտրությունների անցկացում: