Найти в Дзене
Հայաստանն այսօր

Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. ԱՀ ԱԳՆ

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը  խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները:

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության և պաշտպանության ներքո։ Այսպիսով, եռակողմ հայտարարությունը հենց ռուսական խաղաղապահ զորախմբին է լիազորում վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը։

«Կասկած չկա, որ ռուսական խաղաղապահ զորակազմն ունի բոլոր անհրաժեշտ, այդ թվում` տեխնիկական հնարավորությունները ստուգելու տրանսպորտային միջոցները՝ միջանցքի անվտանգ գործունեությունն ապահովելու նպատակով։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը՝ առանց որևէ սահմանափակումների»,-ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ Լավրովն այսօր հայտարարել էր, որ երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի երկու ուղղություններով ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում