«Հրապարակ» օրաթերթի՝ Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը որոշ մանրամասներ է հաղորդել վերջին իրադարձություններից:
Ըստ նրա՝ Արցախի ղեկավարները սկզբում մտածել են, որ կկարողանան նոր ընտրություններ կազմակերպել և իրավիճակը լիցքաթափել, սակայն ԱԺ նախագահի հայտարարությունից հետո թեման ծավալվել է, և այլ անձինք` Արցախի նախկին նախագահները, ՀՀ եւ ամենակարեւորը` Ռուսաստանի իշխանությունները սկսել են միջամտել գործընթացին:
Ամենավճռորոշը, ըստ թերթի աղբյուրի, եղել է ՌԴ-ից եկած ազդակը` Արցախի իշխանություններին ասվել է, որ խաղաղապահները չեն կարող ապահովել ընտրությունների խաղաղ եւ անվտանգ ընթացքը, ուստի հորդորում են ձեռնպահ մնալ նման քայլից, ինչից հետո հետքայլ է արվել:
«Մեր աղբյուրը վստահեցրեց, որ ոչ մի տարաձայնություն Արայիկ Հարությունյանի եւ Ռուբեն Վարդանյանի միջեւ չկա: Եվ վերջինս մեծ էնտուզիազմով ու հավատով է աշխատում` հույս փայփայելով, որ իր աշխատանքն արդյունք կտա»,- գրում է պարբերականը:
Հոդվածում նշվում է նաև, որ իշխող մեծամասնության հետ զրույցներում նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար ասել է, որ վերջին ամիսներին նոր իրավիճակ է ձևավորվել Արցախում, և քաղաքական ուժերի հարաբերակցությունն ու կառավարության կազմը չեն արտացոլում Արցախում տիրող տրամադրություններն ու չեն արտահայտում ժողովրդի տեսակետը, ուստի կարիք կա նոր կառավարություն եւ խորհրդարան ձեւավորելու, ինչը հնարավոր է անել նոր ընտրությունների միջոցով:
Ինքը` Հարությունյանը, կրկին հավաստիացրել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին եւ կարծում է, որ նոր, երիտասարդ մարդիկ պետք է մասնակցեն ու իշխանություն ձեւավորեն: Բայց բանն այն է, որ այս պահին նաեւ Ռուբեն Վարդանյանը չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին, և հրաժարականների արդյունքում կստացվեր, որ պետք է հեռանան և Արայիկ Հարությունյանը, և Ռուբեն Վարդանյանը, ինչը, ի դեպ, ադրբեջանական կողմի իդեա-ֆիքսն է դարձել, քանի որ կարծում են, որ Վարդանյանը Ռուսաստանի ներկայացուցիչն է Արցախում: