Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել․ պետնախարարը հանձնարարականներ է տվել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանելու հետ կապված: Այս մասին հայտնում է Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար:

Տեղեկացնենք, որ հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և արդեն նաև՝ գազամատակարարումից:

Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում դադարեցվել է գազամատակարարումը։ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ ««Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում