Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի հարցով դիմել է ավելի քան 30 միջազգային գործընկերների

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին:

Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:

Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000 հայերին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է:

«Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ եւ 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից: Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1.100 խաղաղ բնակիչներ վերջին շաբաթների ընթացքում մնացել են արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,-ասվում է պաշտոնական նամակում: Անդրադարձ է արվում նաեւ Հայաստանում ժամանակավոր ապաստան ստացած 270 անչափահասներին, որոնց ծնողներն Արցախում են:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացնում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների եւ ապրանքների հասանելիության:

«Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետեւողական քաղաքականության վառ շարունակություն»,- ասվում է գրության մեջ:

Նամակում հիշատակվում է, որ մի շարք կառավարություններ, ներառյալ՝ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, Եվրոպական միության, Եվրոպական խորհրդարանի եւ բազմաթիվ ազգային խորհրդարանների, ՄԱԿ-ի, իրավապաշտպան կազմակերպությունների, ցեղասպանության հարցերով զբաղվող նշանավոր միջազգային կազմակերպությունների հետ միասին, դատապարտել են այս անօրինական եւ թշնամական գործողությունը եւ կոչ արել անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել միջանցքը:

«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,-ՀՀ ԱԺ նախագահի նամակը եզրափակվում է այս տողերով:

Հիշեցնենք, որ երեկ  Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները դրական արդյունք են տվել: Հայտարարվեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում