Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանը պետք է անհապաղ վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը. Միրզոյան

Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների Ադրբեջանը պետք է անհապաղ վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ ԵՄ խորհրդի՝ նախօրեին կայացված որոշումը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Ըստ ԵՄ խորհրդի հայտարարության՝ առաքելության առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ: Մինչ այդ Հայաստանում հոկտեմբերից աշխատել է մինչև 40 փորձագետներից բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության մանդատն ավարտվել է դեկտեմբերի 19-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից:

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:

Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում