Найти тему
Հայաստանն այսօր

Նախագահը հայտարարել է, որ ՀՀ-ի՝ իր անվտանգության ապահովման համար ՌԴ-ից ունեցած ակնկալիքները չարդարացան

«Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բայց, ցավոք սրտի, մենք վերջին ժամանակներս խնդիրներ ունենք, հատկապես սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո»,- Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով՝ սեպտեմբերյան հարձակումը կոնկրետ ՀՀ տարածքի վրա էր, և «Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցույց տային»։

«Տարբեր տեղերում մինչև 7 կմ, 5 կմ առաջխաղացում է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից, և սա այն դեպքն էր, երբ և՛ ՀԱՊԿ անդամները, և՛ Ռուսաստանը մեզ պետք է նաև ռազմական օգնություն ցույց տային։ Բացի դրանից, մենք ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն եղել մինչև հիմա։

Իհարկե, ճշմարտության համար պետք է նշել, որ Ռուսաստանն էլ մասնակցեց պատերազմի կանգնեցման բանակցություններին, բայց դրանց ակտիվ մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար պարոն Բլինքենը, Ֆրանսիայի նախագահ պարոն Մակրոնը, Եվրամիության խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը։ Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմերին, որոնք միջամտեցին»,- ասել է Խաչատուրյանը։

Նա հավելել է, որ Հայաստանն ու Էստոնիան, լինելով փոքր երկրներ, չեն կարող իրենց անվտանգությունը սեփական միջոցներով ապահովել և կարիք ունեն միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության։ Այս առումով Հայաստանի սպասելիքները, Խաչատուրյանի խոսքով, «ամբողջովին չարդարացան»։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում