Հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում տեղի է ունենալու 2018թ. Լևոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Խոսնակը մանրամասնում է, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: