Найти в Дзене
Հայաստանն այսօր

Պաշտպանության նախարարը զորամասում տեղի ունեցած հրդեհի հետ չի կարող կապ ունենալ․ Սիմոնյան

Պաշտպանության նախարարը որևիցե ձևով զորամասում տեղի ունեցած հրդեհի հետ չի կարող կապ ունենալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու քաղաքական պատասխանատվության ոչ մեկի չեն ենթարկել։

Նրա խոսքով՝ իր գործառույթի մասով նախարար Պապիկյանն աշխատանքն ամբողջովին արել է:

Սիմոնյանը մատնացույց արեց բանակում տեղի ունեցող բարեփոխումներին և հորդորեց գնահատել այն դերը, որը ստանձնել է նախարարը․ նա պատասխանատվություն է ստանձնել բանակում դժվարին իրավիճակի ժամանակ, ինչը գնահատանքի է արժանի։

Խոսելով հրդեհի մանրամասներից՝ Սիմոնյանն ասաց, որ զինվորական կացարանը ապահովված է եղել ամեն ինչով, բացի անվտանգությունից։

«Ճաղավանդակներ պետք է չլինեին։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են անվտանգության համար, պատժվելու են։ Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը՝ քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։ Վստահեցնում եմ, եթե այս փոփոխությունները չլինեին, նման պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել։ Բայց դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և փորձել մտցնել քաղաքական օրակարգ՝ անտեղի եմ համարում»,- ասաց ԱԺ նախագահը։

Խոսելով հնարավոր դիվերսիայի վարկածի մասին, Սիմոնյանն ասաց, որ իշխանությունները շղարշ չեն փռում թշնամու վրա։

«Ո՛չ, թշնամին վատն է, հակառակորդն ամեն րոպե կարող է փորձել և փորձում է մեր վրա հարձակվել՝ քանի դեռ մենք չենք ուժեղացել ու չեն կարող հակահարված տալ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում