Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վերջինս իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկում կանցկացնի Երևանում Լաչինի միջանցքի շրջափակման մասին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: