Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մեկ ամսից ավելի է երեխաները զրկված են ծնողներից, կանայք իրենց ամուսիններից․ Աննա Հակոբյան

Մեկ ամսից ավելի է երեխաները զրկված են ծնողներից, կանայք իրենց ամուսիններից, այս մասին հայտարարել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ միասին Իրանում մասնակցել է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին», հայտնում է Աննա Հակոբյանի կայքը։

Վարչապետի տիկինը գործընկերներին է ներկայացրել խաղաղություն հաստատելու նպատակով իր ստեղծած «Կանայք հանուն արդարության» նախաձեռնությունը, որի նպատակն է պայքարել պատերազմների դեմ, միավորել և բարձր հնչեցնել կանանց ձայնը:

Ներկայացնելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները` 44-օրյա պատերազմից մինչև Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիա, պահվող գերիներ, անհետ կորածներ, չդադարող հարձակումներ, հերոսների պղծված մարմիններ, հողին չհանձնված նահատակներ, նա ներկաների ուշադրությունը հրավիրել է վերջին օրինախախտմանը` ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհի փակմանը, 120.000 հայի զրկելով առողջապահական, կրթական և անհրաժեշտ կենսական տարրական պայմաններից:

«Մեկ ամսից ավելի է երեխաները զրկված են ծնողներից, կանայք իրենց ամուսիններից։ Այս ամենը հետապնդում է Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Իսկ այս ամենը կանխելու համար, ըստ վարչապետի տիկնոջ, անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության հասցեագրված ու դատապարտող արձագանքը»,- իր խոսքում ընդգծել է Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը ներկաների ու աշխարհի բոլոր կանանց առաջարկել է միանալ խաղաղություն հաստատելու արշավին և միասնականության կոչ արել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում