Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի։ Սա շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան ավերում է երկիրը, կոռուպցիան երկիրը զրկում է ապագայից, և դուք սա պետք է իմանաք։ Այս մասին այսօր Տավուշի մարզում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ իր խոսքն ուղղելով Տավուշի պարեկներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին:
«Մեր պետական ու հանրային ծառայությունները, և, ընդհանրապես, մեր պետությունն աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելը մեր նշաձողն է»-Կոտայքում հայտարարել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ նոր ձևավորվող ոստիկանության կարմիր գիծն օրենքը պետք է լինի:
«Այդ պայքարում մեր ամենամեծ հակառակորդը քրեական մտածելակերպն է, այն մեր թիվ մեկ հակառակորդն է: Ինչո՞ւ են շատ հաճախ մեր երկրում աղետներ տեղի ունենում, որովհետև շատ ժամանակ ասում ենք՝ «լավ, էս մի բանը չասենք, մենք ասող չենք, գրող չենք»: Մինչդեռ հանցագործության մասին հայտնելը յուրաքանչուր քաղաքացու և ոստիկանի գործն է»,-ընդգծեց Փաշինյանը:
Նա նշել է, որ մեկնարկել են նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման մի գործընթաց, որով, ըստ էության, ամբողջ Ոստիկանության կառուցվածքը փոխվելու է. «Շատ շուտով արդեն կունենանք Ոստիկանության գվարդիա, Քրեական ոստիկանություն, Հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչություն և Պարեկային ծառայություն։ Սրանք կլինեն այն սյուները, որոնց վրա հենված է մեր առաջնային իրավակարգը»:
Մանրամասները՝ տեսանյութում: