Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ #Յաել Բրոն-Պիվեն պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Այս մասին նա հայտարարել է Twitter-ում։
«Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,-գրել է Յաել Բրոն-Պիվեն: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են լինելու սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Վալերի Ռաբոն, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լոուրենս Պետելը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Աննա Գենետեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք