«Լավ տղերքի» մոդելն անընդունելի է, ես պայքարելու եմ դրա դեմ: Այս մասին այսօր Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության պետնախարար #Ռուբեն Վարդանյանն՝ անդրադառնալով #Արցախի շրջափակմանն ու դրա հետևանքով ստեղծված ներքին որոշակի խնդիրների:
«Տոնական օրերին բազմիցս փողոցով զբոսնելու հնարավորություն եմ ունեցել, հանդիպել եմ տարբեր արցախցիների հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ այսքան հանգիստ են ընդունում իրավիճակը: Մարդկանց 90 տոկոսը ճիշտ ու հանգիստ է ընդունում իրավիճակը: Բայց կան որոշ պատմություններ, որոնց մասին առանց անուններ տալու ուզում եմ խոսել: Ես հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում անարդարություն կա, իդեալական երկիր ունենալը դժվար է, բայց ես խոսք եմ տալիս, որ ամեն օր պայքարելու են անընդունելի երևույթների դեմ: Կան իրավիճակներ, որոնք ինձ համար անընդունելի են: Մենք գիտենք, որ մի ունևոր ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
Նշելով նաև մի քանի այլ դեպքերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը շեշտել է. «Բոլորս մի նավի մեջ ենք: Չեմ ընդունում նաև այն մարդկանց, որոնք այս դժվարությունների ժամանակ փորձում են փող աշխատել ու դրանով հարցեր լուծել: Ես չեմ ընդունում նաև այն խանութների տերերին, որոնք պահում ենք ապրանքները ու տալիս միայն իրենց բարեկամներին, ծանոթներին: Ես չեմ կարծում, որ սա է հաջողված մարդու վարքագիծը: Մենք բլոկադայի մեջ ենք, և հնարավորությունները սեփական անձի համար օգտագործելն անընդունելի է: Վաղը շատ հայտարարություններ, որոշումներ են լինելու, իրավիճակը լուրջ է»: Նա հայտնել է, որ քննարկվում է հատկապես պարենի բաշխման կանոնների հարցը ու այդ առումով ևս վաղը որոշում է սպասվում: Անընդունելի համարելով վերոնշյալ դեպքերը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այդ ապրելակերպը չպետք է ընդունել ու ինքն իր օրինակով է հակառակին ծառայելու: