Найти тему
Հայաստանն այսօր

«ԼՂ բնակչությունն առերեսվում է հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի». Միրզոյանն ընդունել է Անն Լույոյին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հայտնելով, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին:

Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության կողմից շարունակական և հասցեական արձագանքն ու քայլերը Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ՝ համաձայն Ադրբեջանի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի դիրքորոշումը՝ գոհունակություն հայտնելով նաև 2022թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում Ֆրանսիայի կողմից հնչեցված կոչերի և հետագայում ներդրված ջանքերի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։

Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում