Ակնկալում եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն առաջիկա օրերին հնարավորություն կունենա հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի հեռանալուց հետո ով է զբաղվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա գործընթացներով:
«Նրա հեռանալուց հետո այս հարցը կշարունակի գրավել ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը»,-ասել է նա:
Հարցին՝ բացի հեռախոսազանգերից այլ ի՞նչ ջանքեր են պատրաստվում գործադրել՝ նա պատասխանել է.
«Մենք համագործակցել ենք երկկողմանի հիմունքներով: Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու համար համագործակցել ենք ԵՄ-ի նման համախոհ գործընկերների, միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է: Համագործակցել ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված լուծումներ գտնենք: Մեր մոտեցումը չի փոխվելու: Մեր մոտեցումն է աջակցել, կողմերին օգնել նստել կառուցողական բանակցությունների սեղանի շուրջ, իդեալական առաջընթաց գրանցել այն հարցում, որն, ի վերջո համապարփակ, երկարաժամկետ լուծումն է»:
Հիշեցնենք, որ այսօր պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը հրաժարական է տալիս: