Հունվարի 6-ին՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը: Այս մասին հայտնում են միջոցառումների կազմակերպիչները։
Հոգևոր֊դասական համերգի ծրագրում կհնչեն հայ հոգևոր երգեր՝ նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական երգեր, աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հենդելի, Ադամի, Շտրաուսի, Չայկովսկու, Գունոյի հայտնի ստեղծագործությունները: Դիրիժորներն են Վահագն Պապյանը և Հովհաննես Չեքիջյանը։
Նշվում է, որ մեներգերով հանդես կգան ճանաչված և սիրված օպերային երգիչներ։ Մուտքը հրավիրատոմսերով է։
Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և մկրտության տոնը՝ քրիստոնեական գլխավոր տոներից մեկը։ Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում մատուցվում է տոնական պատարագ և ջրօրհնեքի արարողություն։