Найти тему
Armenia Today

Անհրաժեշտ ենք համարում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ՀՀ ԱԳՆ

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։

ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը:

«Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնանում է։ Ավելի ու ավելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Շոշափելի է դառնում թերսնման վտանգը: Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բաժանված մնալ՝ գտնվելով ադրբեջանական բլոկադայի տարբեր կողմերում: 120 հազար մարդ հայտնվել են փաստացի գերեվարված կարգավիճակում:

Ադրբեջնական կողմի պնդումները, թե Լաչինի միջանցքն իրականում բաց է, միանգամայն անհիմն են, ինչի ապացույցն է առնվազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով է թույլատրվում կյանքի վտանգի առաջացման դեպքում սահմանափակ թվով հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:

Ստեղծված իրավիճակում կարևորում ենք 2022թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի անցկացումը, որը հրավիրվել էր հայկական կողմի խնդրանքին ի պատասխան՝ Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա հումանիտար հետևանքները քննարկելու նպատակով։ Մենք մեծապես գնահատում ենք ԱԽ անդամների գերակշիռ մեծամասնության կողմից հանրայնորեն արտահայտված ու հստակ կոչերը` Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը վերացնելու  և միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտք ապահովելու վերաբերյալ։ Ողջունում ենք նաև ԱԽ հիշյալ նիստին հաջորդած տասնօրյա ժամանակահատվածում Ֆրանսիայի ջանքերը՝ իրավիճակի վերաբերյալ ԱԽ նախագահողի մամուլի հայտարարություն ընդունելու ուղղությամբ։

Հայաստանը շարունակելու է նպատակամղված քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ձևաչափերում, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ այդ կառույցների մանդատից և գործառույթներից բխող վճռական արձագանք և գործողություններ ապահովելու ուղղությամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով։

Անհրաժեշտ ենք համարում նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, և Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են,  ակնկալում ենք նաև ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն»,-նշվում  է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում