Найти тему
Armenia Today

Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, և արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում: Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով: Պետնախարարը հանձնարարել է վերլուծել իրավիճակը և դրա հետևանքների հնարավոր մեղման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

Զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաև համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:

Ներկայացվել է իրավիճակը նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների ոլորտներում: Այս համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կարևորվել է խնայողական ռեժիմի պահպանման շարունակությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում