Բաքուն ինձ թիրախավորել է, որովհետև ես կարող եմ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի դարձնել, և սա խնդիր է Բաքվի համար: Այս մասին իտալական TEMPI պարբերականին տված հարցազրույցում ասել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով, որ ԱՀ կառավարությունը փորձառու առաջնորդների կարիք ունի, Արցախը պետք է ավելի բաց և մրցակցային դառնա:
Ներկայացնելով ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ իրավիճակը բարդ է, սակայն արցախահայությունը մտադիր չէ հանձնվել և շարունակելու է պաշտպանել սեփական հողում ապրելու իր իրավունքը:
«Մենք ամբողջովին կտրված ենք արտաքին աշխարհից և արդեն բազմաթիվ հումանիտար խնդիրներ ունենք: Նման իրավիճակում շատ կարևոր է դառնում օդային կամուրջի անհրաժեշտությունը»,-ասել է Վարդանյանը:
Խոսելով ադրբեջանական կեղծ բնապահպանական պահանջների մասին, պետնախարարն ասել է. «Նրանք ամենևին էլ բնապահպաններ չեն, նրանք Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են: Կարևորելով բնապահպանական խնդիրները՝ մենք առաջարկել ենք Ադրբեջանին միջազգային հանձնաժողով ձևավորել և ստուգել, թե արդյոք կա՞ շրջակա միջավայրին հասցված վնաս, որի մասին հաղորդվում է: Բայց նրանք չեն համաձայնվել։ Այն, ինչ տեղի է ունենում, մանրակրկիտ ծրագրված է: Ադրբեջանցիների մտադրությունը քաղաքական է, ոչ թե բնապահպանական. նրանք ցանկանում են ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, որպեսզի վերջիններս լքեն իրենց հողը»:
Արձագանքելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցին՝ Վարդանյանը նշել է. «Հայերն ու ադրբեջանցիները տարբեր ազգեր են, տարբեր մշակույթ, տարբեր արժեքներ ունեն, բայց պետք է ելք գտնեն ապրելու որպես հարևաններ նույն տարածաշրջանում, առանց պատերազմելու միմյանց դեմ: Խաղաղության համաձայնագիր ձեռքբերելը դժվար է, բայց հնարավոր: Կարևոր է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախը: Վստահ եմ՝ եթե սկսենք այս կետից, լուծումը կգտնվի»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։