Найти тему
Armenia Today

Ամեն ինչ անում ենք, որ իրավիճակն ինչքան հնարավոր է արագ լուծվի. Ռուբեն Վարդանյան

Մենք ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակն ինչքան հնարավոր է արագ լուծվի: Այս մասին այսօր Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ պետք է գտնենք այնպիսի լուծում, որ մենք մեր արժանապատվությունը չկորցնենք»,- ասաց Վարդանյանը՝ հայտնելով, որ 11-րդ օրն է՝ շրջափակումը շարունակվում է, և իրավիճակը շարունակում է ծանր մնալ:

Նա հայտնեց, որ այսօր հանդիպելու է այն ծնողների հետ, որոնց երեխաները մնացել են Հայաստանում։

«Շատ կարևոր է, որ երեխաները միանան ծնողներին, բայց, մյուս կողմից, ունենք լուրջ խնդիր. 120 հազար մարդ շրջափակման մեջ է: Ցավոք, մի քանի մարդ մահացել է, որոնց դիերը չենք կարողանում տեղափոխել Արցախ»:

Վարդանյանը մի քանի ազդակ հղելով՝ շեշտեց. «Պատրաստ ենք, պատասխանատու ենք, աշխատում ենք, անելու ենք ամեն բան: Ոչ-ոքի չենք թողնելու այս ամենը քաոս դարձնել: Մեր որոշումները լրատվամիջոցներով հայտնելու ենք»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։

Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում